«Ես» ուսումնական նախագիծ 

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 1-3-րդ դասարանների համար

«Ես» ուսումնական նախագիծը արտացոլված չէ կրթահամալիրի ուսումնական օրացույցում, սակայն կրտսեր դպրոցում այն իրագործելի, սիրելի ու կարևոր նախագիծ է, քանի որ համընկնում է ուսումնական տարվա մեկնարկի, իսկ առաջին դասարանցիների համար՝ դպրոցամուտի հետ:

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները`

1-ին դասարան

  • Ադապտացում միջավայրին (միջավայրի յուրացում).
  • Ինքնուրույնության դրսևորման զարգացում.
  • Ինքնասպասարկման (անձնական հիգիենա) հմտություների զարգացում.
  • Բանավոր խոսքի զարգացում (առանց սխալվելու վախի խոսելու, հանդես գալու հնարավորություն).
  • Հաղորդակցական հմտությունների ձևավորում ու զարգացում.
  • Երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում.
  • Smart էլեկտրոնային գրատախտակի հիմնական գործիքների կիրառում.
  • Մաթեմատիկական հասկացությունների ձևավորում:

2-րդ դասարան

  • Բանավոր խոսքի զարգացում (սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի բավարարում).
  • Գրավոր ճիշտ, գրագետ խոսքի կարողությունների զարգացում.
  • Մեդիահմտությունների կիրառում և զարգացում.
  • Ընթերցելու որակական հատկանիշների բարելավում (կարդացածը հասկանալ).
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • Հաղորդակցական հմտությունների զարգացում.
  • Համագործակցային հմտությունների զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում:

3-րդ դասարան

  • Մեդիահմտությունների, մեդիագործիքների ու համակարգչային ծրագրերի կիրառում.
  • Բանավոր ու գրավոր խոսքի զարգացում.
  • Անհաժեշտ ինֆորմացիա հավաքելու հմտությունների ձևավորում ու զարգացում.
  • Հարցեր տալու (մշակելու) ու հարցազրույց վարելու հմտությունների ձևավորում ու զարգացում.
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • Հաղորդակցական հմտությունների զարգացում.
  • Համագործակցային հմտությունների զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում:

Տևողությունը՝ օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 10-ը (երկուսից երեք շաբաթ):

Սեպտեմբերի 4-ի կրթական շքերթին (կրթահամալիրի ուսումնական օրացույց) մասնակցում են առաջին դասարանցիները:

Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, մարմնամարզական դահլիճ, տուն (ընտանիք), մեդիատիրույթ (բլոգ, ենթակայք, կայք):

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, տեսախցիկ, համակարգչային ծրագրեր (Paint, Smart էլեկտրոնային գրատախտակ, MS Word, MS Power Point, Movie Maker…),  թղթեր (գունավոր, տարբեր հաստության ու չափի), գուաշ, ջրաներկ, վրձին, կավ, պլաստիլին, այլ (կտորներ, կոճակներ, ժապավեններ…):

Ուսումնական գրականությանայլ ռեսուրսների ցանկ

  • գրական ստեղծագործությունների ցանկ

1-ին դասարան

  • «Բութ մատն ասաց… » (ժողովրդական խաղիկ)
  • Աթաբեկ Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»
  • Հովհաննես Թումանյան «Լուսաբացին»
  • Հովհաննես Թումանյան «Անհաղթ աքլորը»
  • Հովհաննես Թումանյան «Ծիտը»
  • Ղազարոս Աղայան «Ծիտը և բազեն»

2-րդ դասարան

  • Սովորողների ինքնապատումներ
  • Աթաբեկ Խնկոյան «Ես»
  • Աթաբեկ Խնկոյան «Չալ կաչաղակը»
  • Ղազարոս Աղայան «Մանուշակը»
  • Աթաբեկ Խնկոյան «Խխունջն ու սունկը»

3-րդ դասարան

  • Սովորողների ինքնապատումներ
  • Հովհաննես Թումանյան «Թռչունի մտածմունքը»
  • Շաշ հյուրը (հայ ժողովրդական հեքիաթ)
  • Խմած մկան պայմանը (հայ ժողովրդական հեքիաթ)
  • Էշի ձուն (հայ ժողովրդական հեքիաթ)
  • Անունների ծագման պատություն (հանրագիտարան, որոնողական կայքեր)

Ազգային, բակային խաղեր

Հիմնական թեմաները՝

  • Ես
  • Իմ խաղալիքը (տիկնիկը…)
  • Իմ ընտանիքը
  • Իմ անունը
  • Իմ բակը, քաղաքը (գյուղը), երկիրը

1-ին դասարան

Ուսումնական գործունեության ոլորտները՝

Մայրենի լեզու

  • Պատմել իր (իր խաղալիքի…) մասին: Այստեղ կարելի է իրականացնել «Խոսում է իմ տիկնիկը» նախագիծը: Սովորողները տան անդամների հետ կարող են պատրաստել տիկնիկներ (ձեռնոց-տիկնիկ), որոնք դասարանում նրանց հնարավորություն կտան ավելի անկաշկանդ խոսելու, պատմելու. հանդես գալու տիկնիկի անունից:
  • Կարողանալ պատասխանել հարցերին՝ պատճառաբանելով իր կարծիքը:
  • Բերանացի իմանալ ու խաղալ (կենդանի պատում) գրական ստեղծագործությունները:

Տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիա

Ջրաներկով, գուաշով նկարել իրենց, իրենց տրամադրությունը արտահայտել գույներով (գույների շաբաթ), ուրվագծել իր ձեռքը (թաթիկանկար):

Ծանոթանալ Paint նկարչական ծրագրին, հիմնական գործիքներին: Կարող են պատկերների կամ գույների միջոցով ստեղծել իրենց «Օրվա տրամադրությունը» թեմայով նկարներ:

Մաթեմատիկա

Բանավոր համրանք՝

  • Հաշվել 1-ից մինչև….(առաջ հաշիվ, հետ հաշիվ):
  • Այսօր քանի՞ սովորող կա դասարանում:
  • Այսօր քանի՞ աղջիկ կա դասարանում: Այսօր քանի՞ տղա կա դասարանում: Համեմատել (շա՞տ է, թե՞ քիչ):
  • Համեմատել երկու աղջիկների: Համեմատել երկու տղաների: Գտնել նմանություններն ու տարբերությունները:
  • Հաշվել աթոռները, սեղանները: Համեմատել:

Մարմնամարզություն (խաղային գործունեություն)

Այս շրջանում շատ կարևոր է խաղային գործունեության առկայությունը սովորողի ուսումնական առօրյայում: Առավոտը սկսել դրական տրամադրություն ու համախմբվածություն փոխանցող ազգային խաղերով, ինչպես նաև բակային խաղեր խաղալ:

2-րդ դասարան

Ուսումնական գործունեության ոլորտները՝

Մայրենի լեզու

  • Պատմում է (գրավոր) իր, իր ընտանիքի մասին՝ հաղորդելով կոնկրետ տվյալներ:
  • Մի քանի բառով նկարագրում ու բնութագրում է իրեն ու մյուսներին:
  • Հատուկ անունները գրում է մեծատառով: Նախադասությունը սկսում է մեծատառով ու ավարտում է վերջակետով:
  • Կարդում ու հասկանում է պատմությունը:
  • Հարցերի միջոցով անհրաժեշտ ինֆորմացիա հավաքել տվյալ թեմայի վերաբերյալ:
  • Գրական ստեղծագործությունների ընթերցում, քննարկում:

ՏՀՏ

  • Աշխատում է paint ծրագրով (նկարում է իրեն): Աշխատանքին անուն է դնում, պահպանում է և էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում:
  • Աշխատում է word ծրագրով: Մուտքագրում է տեքստը, անուն դնելով՝ պահպանում է, և էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում:
  • Աշխատում է power point ծրագրով: Մուտքագրում է, լուսանկար է տեղադրում, նոր սլայդեր է բացում:

Կերպարվեստտեխնոլոգիա

  • Ստեղծում է ինքնանկար (ջրաներկով, գուաշով):

3-րդ դասարան

Ուսումնական գործունեության ոլորտները՝

Մայրենի լեզու

Մշակել հարցեր, որոնց օգնությամբ ընտանիքի անդամների հետ կվարի հարցազրույց՝ պարզելու իր անվանակոչման պատմությունը.

Տեղեկատվական ու որոնողական համակարգերից, հանրագիտարաններից, այլ աղբյուրներից (նաև՝ մեծահասակի օգնությամբ) կհավաքի, կմշակի իր անվան մասին ինֆորմացիա:

ՏՀՏ

Աշխատանքները կարող են ներկայացնել ձայնագրության, շնորհանդեսի (պրեզենտացիայի), ֆիլմի տեսքով:

Նախագծի արդյունքում՝

Բոլոր աշխատանքները հրապարակվում են բլոգում՝

  • Խոսում է իմ տիկնիկը (մեդիապատումների շարք)
  • Ես՝ իմ մասին (ինքնապատումների շարք)
  • Իմ ընտանիքը (պրեզենտացիաների շարք)
  • Իմ անունը (անվանակոչման ու անվան ծագման պատմություններ)

Աղբյուրը՝ այստեղ

Реклама